Անցնող տարվա մեջ մի փոքր դրական էր երիտասարդական աշխուժությունը․ Արմեն Մարտիրոսյան
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Անցնող տարին բացասական սկսվեց ու այդպես էլ ավարտվեց. սոցիալ-տնտեսական ոլորտում ոչ մի առաջընթաց չգրանցվեց, ավելին բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը, ինչն ավելի խորացրեց ճգնաժամը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Տարին խիստ բացասական դեպքով՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդով, սկսեցինք , այս ողբերգության ժամանակ էլ լավագույնս ընդգծվեց, որ Հայաստանը կորցրել է իր անկախության վերջին փշրանքները, որ այստեղ արդարադատություն է իրականացվում Ռուսաստանի թելադրանքով, ոչ թե Հայաստանի։ Մենք դա տեսանք դեպքի առաջին իսկ պահերից սկսած։ Սրան հաջորդեց փետրվարյան ներքաղաքական իրադարձությունները։ Մենք տեսանք, որ իշխանությունը կուսակցությունից հրամաններ է տալիս ուժային մարմիններին՝ բռնություններ իրականացնել քաղաքական հակառակորդների նկատմամբ, ինչի հետեւանքով 180 աստիճանով փոխվեց ԲՀԿ-ի գործունեությունը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Նախկին պատգամավորը փոք-ինչ դրական է համարում տարվա ամառային հատվածը՝ Բաղրամյան պողոտայում երիտասարդների ինքնաբուխ հանրահավաքն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ «Մի փոքր դրական էր երիտասարդների Բաղրամյան պողոտայում ակտիվությունը, բայց դա անարդյունավետ էր, եւ իշխանությունները փորձեցին օգտագործել ընդդիմության դեմ՝ ցույց տալով, որ քաղաքացիական հասարակությունն ամեն ինչ է, ընդդիմությունը՝ ոչինչ։ Էլ չեմ ասում, որ պայքարը արդյունք չտվեց, եւ բոլորը վճարում են թանկ գնով»,-ընդգծեց «Ժառանգության» անդամը:
Մարտիրոսյանը 2015-ի բացասական զարգացումների թվում նշեց ԵՏՄ-ին անդամակցելը, սահմանային լարվածությունը եւ սահմանադրական փոփոխությունների հանրքավեն:
«Տարին ավարտվեց հանրաքվեով, ինչը ցույց տվեց, որ ընտրությունները հերթական անգամ հակաօրինական են, ժողովրդից կտրված։ Կեղծված ընտրություններով փակեցինք տարին։ 2015-ը բացասական եմ գնահատում սոցիալ-տնտեսական առումով, որեւէ դրական քայլ չարվեց, ավելին՝ թանկացավ էլեկտրաէներգիայի սակագինը, եւ խորացավ տնտեսական աճգնաժամը»,- խոսքն ամփոփեց ընդդիմադիր գործիչը: