Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, բացի Գրիգոր Եղնուկյանից
Հասարակություն«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ճակատի բերման ենթարկված ներկայացուցիչներից չորսը ազատ են արձակվել: Ոստիկանությունում է միայն Գրիգոր Եղնուկյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներից հինգ հոգու` Գոհար Սարոյանին, Լուսինե Մինասյանին, Արմո Սաֆարյանին, Գրիգոր եւ Հակոբ Եղնուկյաններին ժամեր առաջ բերման էին ենթարկել Ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ նրանք բերման են ենթարկվել սպանության սպառնալիքի ու ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով: Մինչդեռ ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նման սպառնալիքներ չեն հնչել: Նշենք, որ Լուսինեն Գեւորգ Սաֆարյանի կինն է, Արմո Սաֆարյանը` եղբայրը:
«Նոր Հայաստան» ճակատի համակիրները Գեղամ Խաչատրյանի տան մոտ բողոքի ակցիա էին իրականացրել նրան հասարակական պարսավանքի ենթարկելու նպատակով: Պատճառը եղել է Գեղամ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջի այն գրառումը, որով կապիկներ էր անվանել Ազատության հրապարակում այս օրերին ցույց անողներին: