«Քե՛զ, փոքրիկ» խորագրով ամանորյա ծրագիր` Հանրապետության հրապարակում
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումների շրջանակում հատուկ մանուկների համար կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանրապետության հրապարակում անցկացված «Քե՛զ, փոքրիկ» խորագրով միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել մանկական համույթներ, փոքրիկ կատարողներ: Երեխաներին ողջունել են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներն ու ծաղրածուները: Առաջին անգամ Երևանում իր հնարքներն է ցուցադրել Վրաստանից ժամանած հատուկ հյուրը` հրաշագործությունների օսկարի դափնեկիր, մոգության արքա, աճպարար Գիա Պարադաշվիլին: Հանդիսատես երեխաները իրենց ծնողների հետ անմիջական մասնակիցն են դարձել տոնախմբության:
Նշենք, որ Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է նախատեսված նաև հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ և հունվարի 13-ին` ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգ: