Գյումրին ևս ձյան տակ է մնացել
ՀասարակությունԳրեթե ամբողջ գիշեր տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել նաև հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին: Եվ ինչպես մայրաքաղաքում, այստեղ ևս ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվում. ինչպես ասում են՝ Աստծո տված, Աստծո տարած:
Կենտրոնական փողոցները, որտեղ շատ է երթևեկությունը, դեռ կարողանում են մեքենաները անցնել, սակայն կողային և երկրորդական փողոցներում ձյունը հասնում է մինչև 50 սանտիմետրի:
Իհարկե, նախորդող օրերին մաքրման որոշակի աշխատանքներ կատարվեցին, սակայն այսօրվա դրությամբ դեռ մաքրման որևէ հետք չի երևում:
Դժվարությամբ են աշխատում նաև ուղևորատար տրանսպորտային միջոցները: Գյումրեցիները հասցրել են որոշակի հումորներ հորինել այս ուղղությամբ, մասնավորապես՝ շատ գյումրեցիներ կատակում են, թե Սամվել Բալասանյանն ու Տարոն Մարգարյանը գրազ են եկել, թե ով ավելի կկարողանա իրեն վստահված քաղաքը թողնել ձյան տակ: Սակայն ի տարբերություն մայրաքաղաքի՝ աղբահանությունը Գյումրիում բնականոն հունով է կատարվում:
Աղբյուրը՝ 1in.am