ԴԱՀԿ-ում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ
ՀասարակությունՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հունվարի 11-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մինչ օրակարգին անցնելը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է աշխատակիցներին Նոր տարվա կապակցությամբ, մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք։ Ի թիվս այլ հարցերի` խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կառուցվացքային փոփոխությունները: Մասնավորապես, ծառայությունում ստեղծվել է Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին, որի ղեկավար է նշանակվել Աննա Հայրոյանը։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ բաժնի պետին և նրան շնորհել արդարադատության կապիտանի արտահերթ կոչում։ Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատու Սյուզաննա Տոպսակալյանին շնորհվել է արդարադատության մայորի արտահերթ կոչում։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել Ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարներին։