«Շտապ բուժօգնություն»-ն Ամանորին գերլարված է աշխատել
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապ բուժօգնություն» ՓԲ ընկերությունը տոնական օրերին գերլարված աշխատանք է տարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՓԲԸ տնօրեն ԹագուհիՍտեփանյանը:
«Շտապօգնությունը կատարել է 9 611 կանչ, ինչը 830-ով ավելին է, քան նախորդ տարի: Հիվանդանոց է տեղափոխվել 1 567 հոգի, 96-ով ավելի, քան նախորդ տարի: Առավելագույն կանչերի թիվը գրանցվել հունվարի 7-ին. այդ օրը 956 կանչ ենք սպասարկել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Թագուհի Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց, որ սուր-շնչառական խնդիրներով հիվանդանոց է տեղափոխվել 10 մեծահասակ` 1 659 կանչից, և 104 երեխա` 699 կանչից:
«Մենք յուրաքանչյուր օր հիվանդանոցներից զանգ ենք ստանում, գիտենք, թե ինչքան ազատ մահճակալ կա այնտեղ: Ոչ մի օր չի եղել, որ հիվանդանոցը նշի, թե չունի մահճակալ և չի կարող հիվանդ սպասարկել: Հիվանդներից շատերը ցանկանում են իրենց բուժումն ստանալ տանը, կանչում են շտապօգնության բժշկին»,-նշեց Թագուհի Ստեփանյանը:
«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը տեղեկացրեց, որ տոնական օրերին, ընդհանուր առմամբ, կոտրվածքների հետ կապված 70 դեպք է գրանցվել:
«Նոր տարվա օրերին երկու սննդային, 64 ալկոհոլային թունավորման դեպքեր են գրանցվել: Սննդային թունավորումների քանակի բավականին նվազում ունենք»,-շեշտեց նա:
Թագուհի Ստեփանյանը հավելեց նաև, որ պոլիկլինիկաների դռները բաց են եղել, աշխատել են հերթապահները:
«Շատ քաղաքացիներ ցանկություն ունեն որևէ կոնկրետ հիվանդանոցում բուժվելու, կուտակումներն ավելի շատ կարող են այդ պատճառով լինել: Այդ դեպքում մեկ հիվանդանոցն ավելի ծանրաբեռնված է լինում, քան մյուսը` մարդկանց ցանկության պատճառով: Եթե ունենք օրական 900-ից ավելի կանչ, չենք կարող չուշանալ, մեկ ժամում 50-60 կանչ ենք ստացել: Եղել են դեպքեր, երբ մարդիկ զանգահարել են, հեռախոսը զբաղված է եղել, ֆիզիկապես չէինք կարողանում արագ գրանցել և մեքենաներն ուղարկել, հիվանդներին զգուշացնում էինք, որ եթե շատ անհրաժեշտ չէ, շտապօգնությունը կարող է ուշանալ» ,-շեշտեց նա` հավելելով, որ առաջնահերթ սպասարկել են երեխաներին և այն անձնանց, ում կյանքին լուրջ վտանգ է սպառնացել: