Երեւանաբնակները հիշում են ու կիսում Ավետիսյանների հարազատների ցավը
ՀասարակությունԳյումրու ողբերգական դեպքերից անցել է ուղիղ մեկ տարի: Այսօր՝ հունվարի 12-ին, քաղաքական տարբեր թեւերի ներկայացուցիչ պատգամավորներ ծաղիկներ դրեցին Ավետիսյանների գերեզմանաքարերի վրա: Ողբերգության ցավը մինչ օրս մնացել է ողջ հայության սրտում:
Orer.am-ը զրուցել է երեւանաբնակների հետ և իր ընթերցողներին է ներկայացնում երիտասարդների վերբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ:
Անահիտ Սահակյան, 23 տարեկան
- Խոսքեր պարզապես չկան: Այն օրը, երբ իմացանք, թե ինչ է տեղի ունեցել սարսափել էինք, չէինք ուզում հավատալ: Ոչ մի նորմալ մարդ չէր գնա այդ քայլին: Հավանաբար, Պերմյակով կոչվածը հոգեկան է: Նման կերպ եմ մտածում, որովհետեւ չեմ պատկերացնում, թե մարդ ինչու պետք է գնար այդ քայլին:
Աննա Հովհաննիսյան, 18 տարեկան
- Բավական դժվար է խոսել տեղի ունեցածի մասին: Ես պատկերացնում եմ նրանց հարազատների վիճակը: Բայց հիմա արդեն ոչինչ չես փոխի, պարզապես պետք է սպասենք, որ արդար դատավարություն ընթանա:
Վրեժ Խաչատրյան, 25 տարեկան
- Ցավում եմ, որ մեր երկրում նման դեպք տեղի ունեցավ: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու է այդ մարդասպանը գնացել այդ քայլին: Փաստացի ոչնչացվել է մի ողջ մեծ ընտանիք, դա շատ լուրջ բան է, մենք պետք է այսուհետ ավելի զգոն լինենք:
Նարինե Ստեփանյան, 30 տարեկան
- Այն, ինչ եղավ անցած տարի, սարսափի ժանրից էր, որը, ցավոք, իրականություն էր: Ինչ կարող եմ ասել, ոչնչացվեց ընտանիք, մարդասպանը չէր խնայել անգամ փոքրիկներին: Ամեն անգամ խոսելիս փշաքաղվում եմ ու խնդրում Աստծուն, որ մահացածների հոգիներին հանգստություն տա: