Ես դրական եմ գնահատում Կարեն Անդրեասյանի աշխատանքը եւ նրա կողմից ներկայացված հաշվետվությունները. Նաիրա Կարապետյան
ՀարցազրույցՊաշտոնավարման հինգերորդ տարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նման որոշում կայացնելու վերաբերյալ ՄԻՊ-ը դեռեւս չակերտները չի բացում, ավելին, Կ. Անդրեասյանը Facebook-յան իր էջում հայտարարել է, որ տվյալ թեմայի շուրջ այլ մեկնաբանություններ իր կողմից չեն լինելու: Մինչ օրս ՄԻՊ-ի կատարած աշխատանքի եւ ԱԺ-ի հետ համագործակցության, ինչպես նաեւ նրա կողմից կայացրած անսպասելի որոշման մասին Orer.am-ը մեկնաբանություն ստացավ ԱԺ ՀՀԿ խմբակցոթյան պատգամավոր Նաիրա Կարապետյանից:
«Պետք է հասկանալ, թե որոնք են հրաժարական ներկայացնելու պատճառները, ես զերծ կմնամ այս մասով մեկնաբանությունից ու կսպասեմ մինչեւ պարոն Անդրեասյանն ինքը բացատրի իր որոշման հիմքերը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանի կողմից կատարված աշխատանքին, Ն. Կարապետյանն ասաց. «Դրա գնահատականը ես չէ, որ պետք է տամ, այդ մասին պետք է խոսեն մարդիկ, ովքեր դիմել են տվյալ կառույց ոտնահարված իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար: Համագործակցության առումով կարող եմ ասել, որ ես եւս մյուս պատգամավորների օրինակով համագործակցել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ եւ դրական եմ գնահատում Կարեն Անդրեասյանի աշխատանքը եւ նրա կողմից ներկայացված հաշվետվությունները»:
Սոսե Չանդոյան