Երևանում ամանորյա միջոցառումներն ամփոփվել են տոնական համերգով
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնած Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումները եզրափակվել են հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական հանդիսությամբ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությ ունից, սկսած ժամը 20:00-ից` երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի տոնական բարձր տրամադրությունն ապահովել են սիրված երգիչներն ու ժողովրդական խմբերը, իսկ Հանրապետության հրապարակը միջոցառման ընթացքում վերածվել էր մի մեծ պարահրապարակի:
Ամանորյա միջոցառումները մեկնարկել էին դեկտեմբերի 21-ին` դարձյալ Հանրապետության հրապարակում, ուր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացրել էր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը: Մոտ մեկ ամիս տասնյակ միջոցառումներ են տեղի ունեցել Հանրապետության հրապարակում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Հունվարի 13-ին Հանրապետության հրապարակ եկած քաղաքացիներն ընդգծել են, որ ամեն ինչ արվել է մայրաքաղաքում տոնական մթնոլորտ ապահովելու և հատկապես երեխաների ամանորյա հեքիաթը իրականին մոտ դարձնելու համար: Հունվարի 13-ի միջոցառումը եզրափակվել է շքեղ հրավառությամբ, որի ավարտին անջատվել են տոնածառի լույսերը: