Երիտասարդական մայրաքաղաք Գյումրին ներկայանալու է հագեցած ծրագրերով
Հասարակություն2016 թվականին Երիտասարդական մայրաքաղաք դարձած Գյումրին ներկայանալու է հագեցած ծրագրերով:«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակա լ Արսեն Քարամյանը նշեց, որ իրենք որդեգրել են մարզակենտրոն քաղաքականություն: «Երեկ մենք աշխատանքային խորհրդակցություն ենք ունեցել նախարարությունում Գյումրիի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Գյումրին յուրահատուկ քաղաք է իր մշակութային ավանդույթներով, սպորտային հաջողությունների պատմությամբ: Մեզ մնում է միայն աջակցել նրանց: Գյումրիի պարագայում մենք, որպես նախարարություն, ավելի շատ հանդես ենք գալու օժանդակողի դերում, քան կազմակերպչի »,-ասաց Արսեն Քարամյանը: Միջոցառումների ցանկը հրապարակվելու է առա ջիկայում, սակայն Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ իրականացվելու են ամենատարբեր միջոցառումներ` մշակութայինից մինչև սպորտային: Ըստ փոխնախարարի` ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրվելու: Դա նաև անուղղակի ձևով սոցիալական նշանակություն է ունենում:
«Մեր բյուջետային միջոցների մի մասն ուղղում ենք դեպի մարզեր: Վերջին տարիներին, իրականացվող «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին մասնակցում են բոլոր քաղաքները, բացի Երևանից, իսկ պետական երիտասարդական քաղաքականության բյուջետային միրջոցների մոտ 20-25 տոկոսն ուղղվում է մարզեր: Նախկինում նման բան չի եղել»,-ասաց Արսեն Քարամյանը:
Սիսիանն առաջինն էր, որ դարձավ երիտասարդական մայրաքաղաք, և այդ ժամանակ շուրջ 61 մլն դրամի ծրագրեր են իրականացվել: Երկրորդը` Ստեփանավանն էր, որտեղ շուրջ 52 մլն դրամի ծրագրեր իրականացվեցին: Մոտ նույնքան գումար էլ կուղղվի դեպի Գյումրի: