Տարեսկզբից հանրապետությունում գրանցվել է բուտուլիզմով հիվանդության 15 դեպք
ՀասարակությունՏարեսկզբից հանրապետությունում գրանցվել է բուտուլիզմով հիվանդության 15 դեպք: Մահվան դեպքեր չեն գրանցվել, երկու հոգու վիճակը դեռեւս գնահատվում է ծանր. նրանք բուժումն ստանում են հիվանդանոցում:ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը նշում է, որ վերջին դեպքը գրանցվել է հունվարի սկզբին: 9 անձից բաղկացած ընտանիքի 6 անդամները թունավորվել էին պահածոյացված շուշանից:
«Հիվանդությունը օջախային բնույթ է կրել: Նախորդ տարիներին նույն ժամանակահատվածում էլ արձանագրվել է բուտուլիզմի դեպք: Հիմնականում վարակվում են թթուներից, պահածոյացված պղպեղից, լոլիկից, կանաչիներից»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ բուտուլիզմի ժամանակ սնունդի համը, հոտն ու տեսքը չեն փոխվում, հետեւաբար օգտագործողը չի կարող համային տարբերություն տեսնել: Մարգարիտա Բաբայանը խորհուրդ է տալիս սնունդ օգտագործելիս ուշադիր լինել, պահածոները եւս մեկ անգամ եռացնել, որպեսզի սպորները վերջնականապես վնասազերծվեն:
Առողջապահության նախարարության աշխատակցի ներկայացմամբ, հիմնականում տնային պայմաններում պատրաստված պահածոներն են պարունակում վտանգ, քանի որ գործարանային պահածոները հատուկ ստերիլիզացում են անցնում, որպեսզի տարաների մեջ սպորները չվերածվեն թույների: