Ադրբեջանում 18 656 գրանցված թմրամոլներ կան
ՀասարակությունԱդրբեջանի ներքին գործերի նախարարության թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության պայքարի գծով պետական հանձնաժողովին 2015 թվականի համար ներկայացված զեկույցում նշվում է, որ այդ երկրում 18 հազար 656 գրանցված թմրամոլներ կան:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Թմրանյութերից կախված 20 հազար 279 մարդ օգտագործում է ափիոնային խմբի թմրանյութեր, 8 հազար 380 մարդ` կանաբինոիդային խմբի թմրանյութեր: Միայն Բաքվում գրանցված են 11 հազար 71 թմրամոլներ:
Ադրբեջանական ոստիկանության կողմից անցյալ տարի անցկացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի հետ կապված 2 հազար 935 հանցագործությունների փաստեր: 786 հանցագործություններ (26,7 տոկոս) կապված են եղել թմրանյութերի ապօրինի վաճառքի, 1940 փաստեր (66 տոկոս)` թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահելու, 193 փաստ (6,3 տոկոս)` թմրանյութեր պարունակող բույսերի աճեցման, 16 փաստ (0,5 տոկոս)` այլ հանցագործությունների հետ: