Ձյան առատ տեղումների պատճառով Ռումինիայի սեւծովյան նավահանգիստները փակվել են
ՀասարակությունՁյան առատ տեղումների եւ ուժեղ քամիների հետ կապված Ռումինիայի իշխանությունները փակել են նավահանգիստները, այդ թվում՝ երկրի խոշորագույն Կոնստանցա սեւծովյան նավահանգիստը:
Ըստ Reuters-ի, ձյան տեղումները խափանել են նաեւ գնացքների երթեւեկությունը, մի քանի տասնյակ ավտոմայրուղիներ արգելափակվել են: Բուխարեստի եւ հարեւան մի շարք մարզերի դպրոցներ հետաձգել են դասերը, երկրի հարավային տասնյակ գյուղեր էլ մնացել են առանց էլեկտրականության:
Երկրի ՆԳՆ-ն եղանակային պայմանների հետեւանքները վերացնելու աշխատանքներին շուրջ 6 հազար ոստիկանների է ներգրավել: ՌԻԱ Նովոստիիփոխանցմամբ, 12 ժամվա ընթացքում տեղացած ձյան մակարդակը կես մետրի է հասել:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ, ձյան տեղումները Ռումինիայում չեն դադարի մինչեւ երկուշաբթի, իսկ օդի ջերմաստիճանը հաջորդ շաբաթ կարող է հասնել -18 աստիճանի: