Գյումրիում ընթանում են Վ. Պերմյակովի նկատմամբ արտագնա դատական նիստի նախապատրաստական աշխատանքները
ՀասարակությունՌուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, Վ. Պերմյակովի նկատմամբ արտագնա դատական նիստի վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ այս անգամ, ի տարբերություն առաջին դատական նիստի, որոշ փոփոխություններ իրականացվել են ինչպես դատարանի դահլիճում, այնպես էլ ռազմաբազայում:
Ինչպես նախապես խոստացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը՝ ռազմաբազայի տարածքում մեքենաների մուտքն առաջին անցակետից մինչև գլխավոր մուտքի մոտ թույլատրվել է: Ռուս զինծառայողներ գրեթե չեն երևում, անցակետերում շփումը միայն հայ ոստիկանների և Շիրակի մարզի առաջին ատյանի կարգադրիչների հետ է: Դատարանի դահլիճում տեղադրվել է նոր ձայնային համակարգ, ավելացվել են նստարանները, տեղադրվել նոր սեղան, աթոռներ փաստաբանների և Ավետիսյանների իրավահաջորդների համար: Այս անգամ ևս դահլիճից դուրս տեղադրված են հարմարեցված վրաններ լրագրողների և քաղաքացիների համար: