ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության ձևաչափը հայտնի կլինի առաջիկայում
ՀասարակությունՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը շարունակում են քննարկել հետագա համագործակցության ձևաչափը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:«Համագործակցության վերաբերյալ քննարկումներ ընթանում են, սակայն վերջնական լուծումներ դեռ չկան: Եվ միայն առաջիկա քննարկումները հնարավորություն կտան ավելի հստակ ասել, թե ինչ ձևաչափով կլինի այդ համագործակցությունը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց Մինասյանը:
Պատգամավորը հավելեց, որ համագործակցության տարբեր հնարավորություններ կան: «Ես չեմ բացառում, որ տարբեր կուսակցություններ կօգտագործեն այդ տարբեր հնարավորությունները: Իսկ թե քանիսը կլինեն դրանք` մեկը, երկուսը, թե երեքը, կորոշվի ապագայում: Իսկ այդ համագործակցությունը կլինի կոալիցիայի, թե մեկ այլ ձևաչափով, դուք կիմանաք առաջիկայում»,- ընդգծեց ՀՀԿ ԳՄ անդամը:
Նա նաև հավելեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, դրանց հետևանքով Հայաստանի համար առաջ եկող մարտահրավերներին: