Հայկ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է. նա դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
ՀասարակությունNews.am-ը գրում է.
«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Հայկ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է, նա այժմ առանձին է՝ մենախցում: Այդ պատճառով նա դադարեցրել է ջրադուլը եւ հացադուլը: Հիշեցնում եմ, որ Հայկ Կյուրեղյանն իր կյանքին սպառնացող իրական վտանգը չեզոքացնելու համար մենախցում կալանքը կրելու պահանջով սկզբում հացադուլ, իսկ հունվարի 18-ից՝ նաեւ ջրադուլ էր հայտարարել, սակայն նրա պահանջը բավարարվել է միայն այսօր՝ հունվարի 22-ի երեկոյան՝ 5 օրվա ջրադուլից հետո, երբ արդեն ռեալ վտանգ էր առաջացել նրա կյանքի համար»,- գրել է Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:
Գործով բողոք էր ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան, դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: