Դիարբեքիրի հայկական եկեղեցին քուրդ զինյալների կողմից օգտագործվելու լուրերը սուտ են
ՀասարակությունԴիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչև այս պահը որևէ վնաս չի կրել այդ տարածքներում թուրքական զինուժի և Քրդական բանվորական կուսակցության (PKK) միջև տեղի ունեցող բախումներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավար Գաֆուր Թուրքայը: «Այս պահին եկեղեցում կրոնական ծիսակատարություններ չեն արվում, քանի որ այնտեղ շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը»,-նշեց նա:
Անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկությանն այն մասին, թե եկեղեցու տարածք են ներխուժել PKK- զինյալները, ովքեր Սուրբ Կիրակոս եկեղեցին օգտագործում են թուրք զինվորականության դեմ կռվելու նպատակով՝ Թուրքայը հերքեց այդ լուրերը: «Նման բան չկա: Եկեղեցու բոլոր դռներն այս պահին փակ են, և այն մինչև այս պահը որևէ վնաս չի կրել, և հուսով ենք, որ չի էլ կրի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցը եզրափակեց Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավարը: