Դամասկոսում ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 70-ը
ՀասարակությունՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում հունվարի 31-ին կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 71-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների գծով դիտորդական խումբը: Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնել էին 59 զոհվածների, ներառյալ կանանց ու երեխաների, եւ 120-ից ավելի վիրավորների մասին:
Հունվարի 31-ին երեք պայթյուն է որոտացել Դամասկոսի մերձակայքում. դրանցից մեկը հեռակառավարվող էր, երկուսն իրականացրել են մահապարտները: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Սիրիայի ԱԳ նախարարությունն ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որում ընդգծվում է, որ ահաբեկչական գործողությունների նպատակը սիրիական խնդրի կարգավորման շուրջ Ժնեւում սկսված բանակցային գործընթացը վիժեցնելն է:
Այդ եզրակացությանը համաձայն է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ով լրագրողներին հայտարարել է, որ պայթյունները «հավանաբար ուղղված են միջսիրիական բանակցություններում քաղաքական գործընթացը կարգավորելու փորձերի խափանմանը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: