Գեղարքունիքի մարզում ճանապարհները հիմնականում երթեւեկելի են
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու ներհամայնքային ճանապարհները փետրվարի 1-ի դրությամբ հիմնականում բաց են եւ երթեւեկելի: Դժվարանցանելի են մնում Շատվան-Նորաբակ եւ Վարդենիս-Այրք ճանապարհները, որտեղ բուքը տեղ-տեղ 1-2 մետր բարձրությամբ ձյուն է կուտակել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Նորաբակի եւ Այրքի ճանապարհների երթեւեկությունը վերականգնելու համար սպասարկող կազմակերպությունն իրականացնում է մաքրման աշխատանքներ: «Մնացած բոլոր ուղղություններում, այդ թվում` Վարդենյաց լեռնանցքում, Մադինա-Վերին Գետաշեն, Ծովակ-Ախպրաձոր ճանապարհների երթեւեկությունը լիովին ապահովված է: Տաք ջերմաստիճանի ազդեցությամբ նույնիսկ ձնհալ է սկսվել, մերկասառույցից աստիճանաբար ազատվում են մայրուղիները, ձյան շերտից` համայնքային նշանակության ճանապարհները»-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան