Իրավապահներն ուսումնասիրում են իբրև զինվորների համար նախատեսված խթացրած կաթի վաճառքի մասին հրապարակումը
ՀասարակությունԶինվորական իրավապահ մարմինները ուսումնասիրում են տարբեր լրատվամիջոցներում հրապարակված նյութերը, ըստ որոնց ֆեյսբուքյան օգտատերերից մեկը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից գնել է զինվորների համար նախատեսված և վաճառքի համար ոչ ենթակա խտացրած կաթ:
Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՊՆ պատվերով Զինված ուժերի համար արտադրված ապրանքները վաճառքի ենթակա չեն, դրանց վաճառքը բացառված է: Բացի այդ` մեզ նաև ասացին, որ ԶՈՒ-ի համար նախատեսված արտադրատեսակների վրա նման`«զինվորի բաժին», մակնշում չի լինում:
«Երևան սիթի» խանութների ցանցն ավելի վաղ տեղեկություն էր տարածել` հայտնելով, որ տարածված տեղեկատվությունը սուտ է: «Համացանցում մի քաղաքացի, ով ներկայացել էր Լիդա Վարդանյան անուն-ազգանունով, անհասկանալի շահագրգռվածությամբ ակնհայտորեն ֆոտոմոնտաժ է արել խտացրած կաթի տուփի վրայի երկնագույն թուղթը և հայտարարում է, թե «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված վաճառքի ոչ ենթակա խտացրած կաթ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է: «Երևան սիթի» սուպերմարկետների ցա նցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա, և մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել ևս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով»:
Նկարը շատ արագ տարածվել է համացանցում` հատկապես ֆեյսբուքյան տիրույթում` դառնալով տարատեսակ քննարկումների առարկա: