ԱԺ էթիկայի հանձնաժողովը հետաձգեց «Լրագրողն ընդդեմ 7 պատգամավորների» նիստը
ՀասարակությունԻնչպես տեղեկացրել էինք, Past.am լրատվական կայքի լրագրող Լիլիթ Լալայանը, արձանագրելով փաստեր այն մասին, որ ԱԺ 7 պատգամավորներ քվեարկում են իրենց բացակա ընկերների փոխարեն, խնդրել էր ԱԺ էթիկայի հանձնաժողովին քննարկման դնել պատգամավորների վարքագիծը եւ կայացնել համապատասխան որոշում:
Այսօր՝ փետրվարի 1-ին, տեղի ունեցավ հերթական նիստը, որի ժամանակ հանձնաժողովը որոշեց Լ.Լալայանի դիմումի քննությունը տեղափոխել փետրվարի 11-ին:
Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ասաց. «Դեռեւս պարզ չէ, թե դիմումի վերաբերյալ որոշումն այդ օրը կընդունվի, թե՝ ոչ»:
Ի դեպ, Վ.Բաբայանը հիշեցրեց, որ այսօրվանից դադարում են իր լիազորությունները՝ որպես Էթիկայի հանձնաժողովի նախագահ, եւ նոր նստաշրջանում խմբակցությունները կառաջարկեն հանձնաժողովի իրենց անդամներին, իսկ Դոնթի հայտնի բանաձեւի համաձայն՝ այս անգամ հանձնաժողովի նախագահը պետք է լինի իշխող ՀՀԿ խմբակցությունից:
Սոսե Չանդոյան