Ոսկի էլ տանեք այս ճանապարհով, չի արդարացնելու իրեն. Արամ Մանուկյան
ՀասարակությունԻնչպես հայտնում է Orer.am-ը, ՀՀ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2–ի վերաբերյալ վարկային համաձայնագրի» քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, վրդովված ներկայիս վիճակից, ասաց.
«Ուզում եք նման երեսուն կամ քառասուն ծրագիր բերեմ ու հիմնավորեմ, այնպես ներկայացնեմ, որ «կողմ» քվեարկեք, բայց չի կարելի, որ ամեն մեկը վերմակն իր վրա քաշի: Վարկ եք վերցնում տասնհինգ տարի հետո փակելու համար: Եկող սերունդը չի կարողանալու մարել վարկը: Դուք պարտք եք վերցնում, ուրիշը փակի, իսկ դա ծախսում եք անարդյունավետ»,- ասաց նա հավելելով, թե այն ճանապարհը, որը համարվում է Հյուսիս-Հարավ ճանապարհի մաս, չի կարողանալու արդարացնել իրեն:
«Այն ընդամենը մառախուղի ժամանակ ՃՈ աշխատողների համար է արդյունք ունենալու: Ոսկի էլ տանեք այս ճանապարհով, չի արդարացնելու իրեն: Դուք այդ ռեզինը ինչքա՞ն եք ձգելու, ինչքա՞ն կարող եք պարտք վերցնել: Սա պետական մոտեցում չի, Ճանապարհային վարկերը ամենալավ ուտելու տեղն են, այստեղ չկա ռազմավարական մոտեցում: Մենք դեմ ենք նմանատիպ վարկերին»,- ասաց Ա.Մանուկյանը:
Սոսե Չանդոյան