«Հայրենասեր»-ի այս տարվա օրացույցի հերոսը ազատամարտիկ Ազատ Մնացականյանն է
Հասարակություն«Հայրենասեր» կազմակերպությունը, որի առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը, հարգել է Արցախյան ազատամարտիկ, «Արիության» մեդալակիր Ազատ Մնացականյանին:
Ինչպես փոխանցեցին «Հայրենասեր»-ից, կազմակերպության 2016 թվականի օրացույցի հերոսը Ազատն է:
Ազատ Մնացականյանն անտարբեր չէր իր ազգի հետ կատարվող իրադարձությունների հանդեպ: Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին Լենինականում ու Սպիտակում օգնում էր փրկարարական աշխատանքներին: Իսկ 1988-ին ուղղվել էր Ազատության հրապարակ ու միացել Արցախյան շարժմանը: Ինքը գիտեր, որ զինվորագրվելու ու կռվելու է իր հայրենիքի ազատագրման համար: Այդ պատճառով էլ մոր՝ տիկին Հասմիկի, ամուսնանալու վերաբերյալ հորդորներին պատասխանում էր. «ամուսնանամ, որ երեխաներս առանց հա՞յր մեծանան»:
1993թ. ավագ լեյտենանտ Ազատ Մնացականյանը զինվորագրվել էր ՀՀ զինված ուժերի շարքերը՝ մեկնելով Մեղրու շրջան: Ծառայության հենց առաջին օրվանից բացառիկ ազնվության ու պատասխանատվության շնորհիվ նրան էր վստահվել ջոկատի հրամանատարությունը: Մարտական ուղին նրան հասցրել էր մինչև Ֆիզուլի, որտեղ էլ զոհվում է արկի պայթյունից՝ մարմնով ծածկելով իր զինվորներին: Ծնվել է 1964 թ. սեպտեմբերի 19-ին Երևանում, զոհվել՝ 1994-ի մարտի 3-ին Հորադիզում: ՀՀ Արիության մեդալակիր է:
«Հայրենասեր» կազմակերպության միջնաժամկետ գործունեության կիզակետում են Հայաստանի ազատագրված տարածքներին վերաբերող կրթական և ենթակառուցվածքային ծրագրերը: Կազմակերպության նպատակն է տեղեկացնել հայությանը այդ շրջանների ռազմավարական կարևորության և հայկական պատմության մասին, ինչպես նաև նպաստել սոցիալական և տնտեսական զարգացմանը Քաշաթաղում, Քարվաճառում, և այլուր։ Կազմակերպության հիմնադիրները Ստեփան Սարգսյանն ու Նելլի Մարտիրոսյանն են: