Կամո Արեյանը վստահեցնում է՝ Արամի, 30-ի տարածքում շինարարություն չի նախատեսվում
ՀասարակությունԱրամի, 30 հասցեն ընդգրկված է եղել կառավարության 2007թ. գերակա շահի ճանաչման մասին որոշման մեջ, իսկ Արամի, 30 հասցեի շենքն ընդգրկված է եղել այդ հատվածում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողնեի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արամի, 30 հասցեում գտնվող շենքն ինչո՞ւ քանդվեց: «Գերակա շահ ճանաչվելուց հետո սեփականատերը ձեռք է բերել այդ տարածքը: Սակայն ներկայացված նախագծային-նախահաշվային փաստաթղթերում այդտեղ շինարարություն չի նախատեսվում: Ընդամենը մայթերի լայնացում է լինելու, քանդված շենքի հաշվին լայնանալու են խաչմերուկային մայթերը, և որևէ շինություն նախագծով այդտեղ նախատեսված չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արեյանը:
Դիտարկմանը, թե Երևանում գնալով վերանում են հին շենքերը, իսկ այդ դեպքում զբոսաշրջիկներին հնարավոր չի լինի ապացուցել, որ Երևանը հին քաղաք է, Արեյանը պատասխանեց. «Այն, ինչ վերաբերում է ճարտարապետական շինություններին, հուշարձանների ցանկում ամրագրված շենքերին, դրանք պահպանվում են օրենքի ուժով, դրանց վերացում չի եղել: Ինչ մնում է այն շենքերին, որոնք ենթակա են տեղափոխման, ենթակա են վերակառուցման, նաև այդ ցուցակում չեն, ապա այդ շենքերը քաղաքաշինական, կառուցապատման խոշոր ծրագրերով, բնականաբար, պետք է ենթարկվեն վերակառուցման: Արամի, 30-ի հասց եի շենքն այդպիսի ճարտարապետական շենք չէր»: