Քաղաքապետարանն ամփոփել է Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները
ՀասարակությունԵրևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել «Ամենագեղեցիկ տոնական ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին: Մրցույթը հայտարարվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և անցկացվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի մայրաքաղաքի ամանորյա և սուրբծննդյան տոների ձևավորումը տարեցտարի ավելի գեղեցիկ լինի:
Հաղթողներին որոշելիս հաշվի է առնվել ոչ միայն ձևավորման ինքնատիպությունը, այլև համապատասխանությունը Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված որոշակի չափորոշիչներին:
Մրցույթն այս տարի անցկացվել է երկու անվանակարգով՝ «Լավագույն ձևավորված վարչական», շրջան, «Լավագույն ձևավորված կազմակերպություն»: Բացի այդ, վարչական շրջանները ներկայացրել էին վարչական շրջանի տարածքում ամանորյա տոնական ձևավորմամբ աչքի ընկած անհատ ձեռներեցներին և կազմակերպություններին, որոնցից լավագույնները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:
Վարչական շրջանների մի շարք տնտեսվարողներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատանքի համար՝ մրցույթի հաղթողներն ու մասնակիցները նշել են, որ պարգևը նաև պարտավորեցնող է հետագայում ևս մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներում նոր նախաձեռնություններով ու գեղեցիկ լուծումներով հանդես գալու համար:
Համաձայն Երևան քաղաքի ավագանու համար 48-Ն որոշման՝ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը, ըստ որի` պետք է իրականացվի քաղաքային նշանակության փողեցներում գտնվող առևտրային նշանակության օբյեկտների տոնական զարդարումը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ: