Արմեն Մուրադյանը Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների նվազում է նկատում
ՀասարակությունՀայաստանում սուր շնչառական հիվանդությունների դեպքերի նվազում է նկատվում: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին:
«Այս պահին հիվանդանոցներում շուրջ 570 մարդ կա գրանցված սուր շնչառական հիվանդություններով, իսկ թոքաբորբով՝ մոտավորապես 300 հիվանդ»,- ընդգծեց նախարարը:
Նախարարը հավելեց, որ շուրջ 50 տոկոսով պակասել են սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացման դեպքերը: «Այս պահին մենք մոտենում ենք այն շրջանին, որը այս ժամանակահատվածում սովորաբար նկատվում է»,- հավելեց նախարարը:
Նա ընդգծեց, որ ընդհանուր առմամբ գրանցվել է մահացության 19 դեպք, որոնց պատճառը եղել են ուղեկցող հիվանդությունները և ուշ դիմելիությունը:
«Նրանցից յուրաքանչյուրի համար վերակենդանացման բաժանմունքներում մեծ աշխատանքներ են կատարվել, սակայն նրանց կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել»,-մանրամասնեց նախարարը:
Անդրադառնալով դեղորայքին՝ նախարարը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե դեղորայքը հիվանդներին անվճար չի տրամադրվել:
«Այդ դեղորայքը հիվանդներին տրամադրվել է անվճար՝ ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ պոլիկլինիկաներում: Տարաձայնությունները, ըստ երևույթին, ծագել են այն պահից, երբ հունվարի 1-20 բոլոր խմբերին անվճար տրամադրվել են բոլոր արտոնությունները, որպեսզի նրանք կարողանան պետպատվերի շրջանակներում դիմել հիվանդանոցներ: Հունվարի 20-ից, երբ սկսեցին նվազել սուր շնչառական հիվանդությունների դեպքերը, մենք հանել ենք այդ արտոնությունը»,- ընդգծեց նախարարը: