«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսը կունենա 80-ից ավելի մասնակիցներ
ՀասարակությունLOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը մարտի 4-ից 6-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կանցկացնի 15-րդ միջազգային մասնագիտացված «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսը, որն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարներին, գիտաշխատողներին, ներդրողներին, ձեռնարկատերերին, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետներին:
Ինչպես տեղեկացրին ցուցահանդեսային ընկերությունից, ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ:
Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 50% աճ: Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավելի մասնակիցներ, որոնց 30%-ը արտասահմանյան ընկերութուններն են` Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրայելից:
Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը, ինչպես նաև այս տարի առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում է մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես, որը կանցկացվի ցուցահանդեսային համալիրի առաջին հարկում:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են` «Կանխարգելման բժշկություն», «Կլինիկական բժշկություն», «Ստոմատոլոգիա», «Դեղագործություն», «Ախտորոշում», «Մայրություն և մանկություն», «Բժշկական սարքավորումներ», «Հիգիենա»: