Այստեղ ամենավատն այդ գավառական մտածելակերպն է. Է. Շարմազանով
ՀասարակությունԱԺ-ում շարունակվում է քննարկվել «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-ծրագիր 2»-ի ֆինանսավորման վարկային համաձայնագիրը, որի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բողոքեց մարզերի նկատմամբ խտրական վերաբերմունքից:
«Մի կողմից ասում են՝ արտագաղթ կա, բա ո՞նց անենք, որ մարդիկ ապրեն գյուղերում, աշխատանք չկա, մի կողմից էլ բոլոր միջոցները կենտրոնացած են մայրաքաղաքում: Պետական կառավարման համակարգն այնպիսին է, որ կենտրոնացված քաղաքականություն է վարվում: Եվ դա հետսովետական պրոբլեմ է: ՌԴ-ում էլ անընդհատ խոսում են Մոսկվան բեռնաթափելու մասին, շրջաններում ծայրահեղ վիճակ է: Եթե վարկային հնարավորություններ կան, դրանից պետք է օգտվեն նաեւ մյուս քաղաքները: Այդ պետական կառավարման պատճառով է, որ բնակչության 1/3-ը կենտրոնացած է Երեւան քաղաքում: Եվ դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում: Հիմա վարկ եք վերցնում ճանապարհների համար, երբ Գյումրիում ու Վանաձորում մարդիկ տնակներում են ապրում: Դե, վարկեր վերցրեք էդ մարդկանց տնակների հարցը լուծելու համար: Խորհրդատվության համար 13 մլն դոլար է նախատեսվում, ասում ենք՝ բա ինչի՞ 13 մլն դոլար, ասում եք՝ մարդիկ փորձ չունեն, պետք է վերապատրաստվեն, որ այդ ծրագիրն իրականացնեն: Նույն խորհրդատվության գումարները ներդրված են եղել Հյուսիս-Հարավ ծրագրում, ո՞նց եղավ, որ սկզբում 500 մլն էր, հետո դարձավ 1 մլրդ: Էդ 13 մլն-ը ի՞նչ խորհրդատվության փող է: Դուք ասեցիք՝ սա էն խորհրդատվության գումարը չի, որ դուք անընդհատ քննադատում եք, սա ուրիշ խորհրդատվության փող է: Ուրիշ խորհրդատվությունը ո՞րն է»,-զարմացած հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան պարոն Մարուքյանի՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց հետեւյալ կերպ. «Իբր թե իրենք մարզերի իրավունքների պաշտպանն են եւ իբր թե մարզերում, որ վիճակը վատ է, մայրաքաղաքն է մեղավոր: Չի կարելի էդպես: Չի կարելի մեր երկրում բաժանում կատարել երեւանցի, գյումրեցի, ալավերդցի: Ես Ալավերդիից եմ, բայց, այո´, հայ ժողովրդի աչքի լույսը մայրաքաղաք Երեւանն է, ինչ-որ մեկի մոտ հարց կա՞: Մայրաքաղաք Երեւանը մեր բոլորի աչքի լույսն է, չի կարելի հակադրել: Եթե մարզերում ծրագրերը վատ են իրականանում, բերեք դրա մասին խոսենք, բայց չհամեմատենք մայրաքաղաքի ծրագրերը: Առջեւում 2017-ի ընտրություններն են ու այս ամբիոնը պարզ է, որ պետք է օգտագործեն քարոզչության համար: Բայց, սիրելիներս, չափ ու սահման կա ամեն ինչի: Այստեղ ամենավատն այդ գավառական մտածելակերպն է, որ մենք հակադրում ենք մարզերի շահը մայրաքաղաքի շահերի հետ: Ես Ալավերդիի բնակիչ եմ, հոգով-սրտով էլ լոռեցի եմ, բայց անչափ շատ սիրում եմ Երեւանը, հո՞րդ ես շատ սիրում, թե՞ մորդ, էդ մանկական խաղը վերջացրեք: Երեւանը տանենք մարզեր, էս ի՞նչ գավառական խոսակցություններ են: Չի կարելի էս դահլիճում գավառականություն ու պրիմիտիվություն քարոզել, թե ով որտեղից ա»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան