Սլովակիայի Կոշիցե քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարի օծման արարողություն
ՀասարակությունՍլովակիայի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Կոշիցեում հունվարի 31-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողություն։
Ձեռնարկը մեկնարկել է Սուրբ Հովհաննես Ողորմածի ուղղափառ տաճարում, ուր Սուրբ Գեորգիի օրվա կապակցությամբ պատարագ են մատուցել Չեխիայի և Սլովակիայի ուղղափառ եկեղեցու Մետրոպոլիտ Ռաստիսլավը և Միգալովո-Կոշիցեի արքեպիսկոպոս Գեորգի Ստրանսկին։ Պատարագին ներկա էին Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հատուկ ներկայացուցիչ, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ինչպես նաև խաչքարի պատրաստման և օծման նախաձեռնությա նն աջակցած բարերար Հրաչյա Պողոսյանը։ Քարոզի ընթացքում Մետրոպոլիտ Ռաստիսլավը նշել է, որ հայկական խաչքարը խորհրդանշում է ոչ միայն 20-րդ դարի առաջին ցեղասպանության, այլ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը։
Պատարագից հետո Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հարյուրավոր հավատավորների ներկայությամբ կատարել է խաչքարի օծման կարգը։
Մետրոպոլիտ Ռաստիսլավի ղեկավարած պատվիրակությունը 2015 թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը, իսկ արքեպիսկոպոս Գեորգի Ստրանսկին՝ նաև սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռում կայացած Մյուռոնօրհնության կարգին։ Կոշիցեում խաչքարի տեղադրման գաղափարը ծնվել է հենց 2015թ. ապրիլին արքեպիսկոպոս Գեորգիի և Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի Երևանում կայացած հանդիպման ընթացքում։