Ձերբակալվել է երկու անձ՝ հունվար ամսին կաշառք պահանջելու համար
ՀասարակությունOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել կաշառք պահանջելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից Orer.am-ին տեղեկացրեցին, որ փետրվարի 3-ին Երևանի քննչական վարչությունում ոստիկանությունից ստացվել են քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութեր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության առանձին աշխատակիցների կողմից հունվար ամսին կաշառք պահանջելու վերաբերյալ։
«Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, որի ուղղությամբ անհրաժեշտ է կատարել քննություն, նույն օրը Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, 2 անձ ձերբակալվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության շահերից ելնելով՝ նախաքննության այս փուլում հավելյալ այլ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»,- տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ա.Գ.