200 մլն դոլար հավելավճար՝ ընկերությունից
ՀասարակությունGoogle ընկերության ղեկավար Սունդար Պիչայը դարձել է ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենն ԱՄՆ-ում: Ազգությամբ հնդիկ, 43-ամյա Պիչայը ընկերության ղեկավարի պարտականությունները ստանձնել է անցյալ տարվա հոկտեմբեր ամսին, երբ Google-ը Alphabet հոլդինգի մաս դարձավ: Google-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն` նա բաժնետոմսի ձևով 200 մլն դոլարի չափով հավելավճար է ստացել ընկերությունից , որից հետո Պիչայի բաժնեմասը կազմել է մոտ 650 մլն դոլար: Ավելի վաղ Alphabet-ը համարվել էր ամենաթանկարժեք ընկերությունը` գերազանցելով Apple-ին:
Երբ անցյալ տարի հայտնի դարձավ, որ Google-ը Alphabet հոլդինգի դուստր ձեռնարկություն է, Google-ի հիմնադիրներից Լարի Փեյջը հայտարարեց, որ նոր կառուցվածքի շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ կառավարել ընկերությունը: Այս փոփոխություններից հետո Google-ի հովանու տակ մնացին YouTube-ը և Android-ը, ինչպես նաև համացանցային որոնման համակարգերը և հավելվածները, իսկ ներդրումային և հետազոտական ստորաբաժանումներն անցան Alphabet հոլդինգի ենթակայության տակ:
Վերադասավորումներից հետո Լարի Փեյջը դարձավ Alphabet հոլդինգի հիմնադիր տնօրեն, իսկ Սանար Պիչայը սկսեց գլխավորել Google-ը: Համացանցային հսկայի մյուս հիմնադիր Սերգեյ Բրինը դարձավ Alphabet հոլդինգի նախագահը: Այս կառուցվածքային փոփոխություններից հետո Alphabet հոլդինգի եկամուտը 2015-ի չորրորդ եռամսյակի տվյալներով կազմեց 4,9 միլիարդ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր 4,7 միլիարդ դոլար:
Ա.Գ.