Տնտեսագետը չի բացառում Հայաստանում դոլարի թանկացումը
ՏնտեսությունՀամաշխարհային տնտեսությունում առկա սառեցման վիճակը խոչընդոտում է դոլարային հոսքերի, ներդրումների մուտքը Հայաստան, ինչը դոլարի արժևորման պատճառ կարող է լինել: Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնած «Հայաստանի տնտեսական մարտահրավերները» ասուլիսների շարքի հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի կողմից 0.25 տոկոսով դոլարի թանկացման հետևանքներն ամբողջ աշխարհում սկսում են զգալ հիմա: «Դրա ազդեցություններից մեկն էլ այն է, որ մենք մոտեցել ենք մեկ դոլարը 500 դրամ սահմանագծին: Եթե այս միտումները շարունակվեն, մենք կարող ենք սահմանագիծն էլ անցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց տնտեսագետը:
Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայումն ու այն 0.25 տոկոսով իջեցումը, տնտեսագետը համարում է համաշխարհային տնտեսությունում սառեցման իրավիճակի նշան: «Այս իրավիճակում ակնկալել դոլարային հոսքեր, ներդրումներ, չենք կարող: Դա կարող է տանել նրան, որ մեզ համար դոլարը կրկին թանկանա»,-հավելեց Վիլեն Խաչատրյանը:
ՀՀ կենտրոնական բանկի փետրվարի 16-ի տվյալներով` արժութային շուկայում դոլարն արժևորվել է 0.50 դրամով` դառնալով 496.11 դրամ, եվրոն արժեզրկվել է 0.98 դրամով` դառնալով 554.40 դրամ: Ռուսական ռուբլին թանկացել է 0.05 դրամով` դառնալով 6.42 դրամ: