Սեյրան Օհանյանը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ ԶՈւ-ում իրականացվող ծրագրերը
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 22-ին ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր:
Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել դեսպան Սորոկինի անձնական ներդրումը վերոնշյալ համագործակցության ընդլայնման գործում և կարևորել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացվող Զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված տարատեսակ համատեղ ծրագրերի իրականացման համար:
Պատասխան խոսքում դեսպան Սորոկինը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը արգասաբեր համագործակցության համար, նշել է, որ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և հետագայում կարող է ներառել համագործակցության նոր ոլորտներ:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը դեսպան Անդրեյ Սորոկինին մաղթել է հաջողություններ աշխատանքային հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում: