Պետությունը փոխհատուցելու է «Հարավկովկասյան երկաթուղու» իրականացրած միջպետական ռազմական փոխադրումների ծախսերը
ՏնտեսությունՀՀ կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 612,9 մլն դրամ` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2015-ի 4-րդ եռամսյակում կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգում:
Գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից:
«Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի համաձայն ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, ՀՀ երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը հաստատելու մասին» որոշման 1-ին կետով»,- ասված է հիմնավորման մեջ: