Երվանդ Զախարյանը պաշտոնից ազատվելուց հետո հետին թվով հրաման է ստորագրել
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. փետրվարի 29-ի հրամանագրով Լևոն Յոլյանը նշանակվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Մարտի 1-ին էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարության աշխատակազմին ներկայացրեց ՀՀ ԷԲՊ նորանշանակ նախարարին: Այսինքն, պարզ է դառնում, որ փետրվարի 29-ից՝ նախագահի հրամանագրից հետո, Երվանդ Զախարյանի պաշտոնական լիազորությունները դադարեցված էին, սակայն պարզվում է, որ դա ամենևին էլ չի խանգարել նախկին նախարարին մարտի 1-ի ամսաթվով օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի տրամադրման հրամանագիր ստորագրել:


Հարց է ծագում, թե ինչ է սա նշանակում՝ նախկին նախարարը որոշել է «ավարտին» հասցնել նախկին գործա՞րքը, թե՞ սա սովորական պաշտոնական դիրքի չարաշահում է: Միամտություն կլինի մտածելը, թե նախկին նախարարը մարտի 1-ի դրությամբ տեղեկացված չի եղել, որ այլևս այդ գերատեսչության ղեկավարը չէ, ուստի այս քայլը, հավանաբար, պետք է, որ այլ գնահատականի արժանանա պատկան մարմինների կողմից: Այնուամենայնիվ, այս պահին զերծ մնալով կատարվածին որևէ գնահատական տալուց, ընդամենն արձանագրենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հետին թվով հրամանագիր է ստորագրել, որը ոչ միայն հետաքրքիր հայտնություն կլինի հասարակության, այլև կառավարության ղեկավարի ու իրավապահ մարմինների համար:
Արմինե Գրիգորյան