Ա'յ համբալ, դիշովկա', նորմալ արտահայտվի նախագահի մասին. Առաքել Մովսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀասարակությունԻնչպես հայտնում է Orer.am-ը, քիչ առաջ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց արագաչափերի մասին` ասելով, որ ոստիկանությանն ուղղված իր հարցումները հիմք են տալիս եզրակացնել, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը բացարձակապես չի նպաստել ՃՏՊ-ների թվի նվազմանը:
Պատգամավորը վստահ է, որ ՃՏՊ-ներն ավելանում են արագաչափերի տեղադրմանը զուգահեռ: Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով տվյալներ, որոնք փաստում են, որ ՃՏՊ-ների, խախտումների, զոհերի ու վնասվածքներ ստացածների թիվը նվազել է:
Նախարարի խոսքին ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը կրկին հարց ուղղեց, թե կա՞ հետազոտություն, որ եթե արագաչափերն ու տեսախցիկները չլինեին, կլիներ ավելի վատ, քանի որ, ըստ օդում կախված տվյալների, արագաչափերը տեղադրող ընկերությունը կապվում է նախագահի եղբոր անվան հետ, հետեւաբար, քաղաքացիները վճարում են նախագահի ընտանիքին:
Նիկոլ Փաշինյանի այս հարցը խիստ դուր չեկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին, ով տեղից բղավեց՝ վիրավորելով ընդդիմադիր պատգամավորին. «Ա'յ համբալ, դիշովկա', նորմալ արտահայտվի նախագահի մասին»:
Վիրավորական խոսքերի ու հայհոյանքների շարանը մի կերպ զսպեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: