Վարդան Օսկանյանը կարող է շատ խաղաքարտեր խառնել իրար. Լյուդմիլա Սարգսյան
ՀարցազրույցԵս շատ դրական եմ վերաբերվում Վարդան Օսկանյանի նախաձեռնությանը եւ նոր կուսակցությունների բացմանը, որովհետեւ ինձ մոտ ներքին խանդ չկա նորաստեղծ կուսակցությունների նկատմամբ, ավելին, կարծում եմ, որ երիտասարդները պետք է կարողանան որոշակի բարձունքներ վերցնել եւ ընտրական պայքարի մեջ իրենց ներկայությունը հստակ ապահովել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա ասեմ, եթե մյուսներն իրավունք ունեն կուսակցություն բացելու, ապա նա եւս դա պետք է անի, քանի որ փորձառու պետական եւ քաղաքական գործիչ է, որը լուրջ հայտ կարող է ներկայացնել ընդդիմադիր քաղաքական դաշտում: Միգուցե այդ հարցում տեսնենք նաեւ համախմբում: Կարծում եմ՝ Վ. Օսկանյանը ճիշտ հաշվարկել է իր քայլերը, հետեւաբար, պետք է ողջունել ու հույս ունենալ, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը, որը վերջին շրջանում բավական լղոզված է ինչ-որ կերպով, կհստակեցվի Վարդան Օսկանյանի ներկայությամբ: Այսօր շատ քաղաքական ուժեր արդեն հայտարարում են, որ պատրաստ են համագործակցել այդ կուսակցության եւ քաղաքական ուժի հետ: Կասեմ, որ նա լուրջ հայտ է ներկայացնում եւ կարող է շատ խաղաքարտեր խառնել իրար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Այն դիտարկմանը, թե խոսակցություններ են պտտվում, որ Վ. Օսկանյանը կուսակցություն է բացում պարզապես պաշտոն ստանալու համար, պատգամավորը նշեց. «Կարծում եմ, որ նման խոսակցություններով փորձում են նեղացնել ու սահմանափակել Վ. Օսկանյանի իրական հնարավորությունները: Չեմ կարծում, որ եթե նա ուզենար, պաշտոն չէր ստանա: Ավելի քան վստահ եմ, որ նա՝ որպես քաղաքական մարդ, իրեն ռեալիզացնելու եւ ապագայի հեռանկարներ ստեղծելու հայտ է ներկայացնում: Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր հստակ դերակատարությունն ունի մեր երկրում տեղի ունեցող գործընթացների մեջ եւ նման գործընթացներին պետք է հանգիստ նայել եւ չմտահոգվել նոր ստեղծվելիք ուժի ստեղծմամբ: Ես լուսավոր ճանապարհ եմ մաղթում Վարդան Օսկանյանին եւ նրա կուսակցությանը»,- ասաց Լ. Սարգսյանը:
Սոսե Չանդոյան