Դա չի նշանակում, որ ընդդիմության բոլոր առաջարկները պետք է այսուհետ ընդունվեն. Լեռնիկ Ալեքսանյան
ՀարցազրույցԵրեկ ԱԺ-ում տեղի ունեցավ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկել էր ԸՕ նախագծի շուրջ լայն կոնսենսուս ունենալու համար քննարկումներ անցկացնել իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության 4-ական ներկայացուցիչներով։ Տվյալ ձեւաչափի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Լեռնիկ Ալեքսանյանի հետ, ով բավական դրական կարծիք հայտնեց առաջարկի վերաբերյալ:
«Ձեւաչափին լավ եմ վերաբերվում, քանի որ այնտեղ կան իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներ: Թող մարդիկ խոսեն, վիճեն ու խնդիրներին լուծումներ գտնեն»,- նշեց պատգամավորը հավելելով, որ բոլոր՝ ոչ հրապարակային քննարկումները միշտ դրական արդյունք են ունենում, քան հրապարակային ու դահլիճային բանակցությունները:
Պատգամավորը նաեւ նշեց, որ հատկապես վերջին շրջանում ՀՀԿ-ն չի անտեսում այն առաջարկները, որոնք կարող են արդյունավետ լինել: «Այլ առաջարկներ եւս կան, որոնք օբեկտիվ են ու կարող են օգուտ բերել եւ հնարավոր է, որ այդ առաջարկությունները եւս ընդունվեն: Նորից կասեմ, որ երկխոսության մեջ բացասական բան չեմ տեսնում: Եթե մարդիկ գտնում են, որ պետք է խոսեն, ապա ՀՀԿ-ն ու կառույցի ղեկավարը միշտ էլ կողմնակիցն են եղել միասին խոսելուն, քննարկելուն, սակայն դա չի նշանակում, որ ընդդիմության բոլոր առաջարկները պետք է ընդունվեն»,- ասաց պատգամավորը:
Սոսե Չանդոյան