ԿԲ-ն «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներով կբարձրացնի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը
ՀասարակությունՀՀ կենտրոնական բանկի կողմից ավանդական դարձած «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումների շարքը, որ կմեկնարկի ապրիլի 1-ին, կբարձրացնի հանրության շրջանում անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների մակարդակը:
Արմենպրեսի փոխանցմամբ` մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ԿԲ խորհրդիանդամ Արմենակ Դարբինյանը շեշտեց, որ ծրագիրն իրագործում են, առաջին հերթին, բնակաչության շահերի պաշտպանության տեսանկյունից, որպեսզի ֆինանսական շուկայում տարաբնույթ գործիքներից օգտվելու եղանակներին հասու լինեն մեծ թվով մարդիկ: «Ֆինանսական գրագիտությունը կօգնի պաշտպանել սեփական շահերը և խուսափել ֆինանսական զեղծարարություններից: Այս խնդիրները դրված են ոչ միայն այս միջոցառման, այլև Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության շրջանակներում»,-ասաց Արմենակ Դարբինյանը:
Նա ընդգծեց «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումների կարևորությունը` վկայակոչելով «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները- 2014» հարցման արդյունքները: «100-բալանոց սանդղակով ֆինանսական գրագիտության ունակությունները գնահատվում են 44 բալ: Բնակչության գրեթե 45 տոկոսը գրեթե չի հաշվառում իր եկամուտներն ու ծախսերը, իսկ խնայողություն ունեցողների 60 տոկոսն ամբողջ գումարը պահում է տանը: Ֆինանսական զեղծարարությունից զերծ մնալու վերաբերյալ պատկերացում ունի հարցվողների միայն 13 տոկոսը»,-տեղեկացրեց ԿԲ խորհրդի անդամը: