Աննախադեպ այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը նախահարձակ Ադրբեջանինն է. ԲՀԿ
ՀասարակությունԲՀԿ քաղաքական խորհուրդը խոստորեն դատապարտում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը եւ կոչ արել միջազգային հանրությանը հասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին:
«Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունների հետևանքով իրավիճակը կրկին սրվել է: Տանկեր, ծանր հրետանի, նաև օդուժ կիրառելով և հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելով՝ Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ է սանձազերծել՝ պատերազմի մարտահրավեր նետելով հայկական կողմին:
«Բարգավաճ Հայաստանը», խստորեն դատապարտելով ագրեսորի քաղաքականությունը, որն այդ երկրի պետական քաղաքականությունն է, կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրներին, համարժեք ու հասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին՝ հաշվի առնելով, որ աննախադեպ այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը նախահարձակ Ադրբեջանինն է:
«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ պատրաստ է ամբողջ ներուժը ներդնել հայկական զույգ պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում»:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։
Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:
Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր: