Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից միջազգային հանրությանն ուղղված կոչերը միայն մեկ նպատակ է հետապնդում. Ս. Շաքարյանց
ՀարցազրույցՔաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` թուրք-ադրբեջանական կողմից հնչեցվող հրադադարի մասին ցանկացած կոչի կամ միջազգային հանրությանն ուղված դիմումների հիմքում սեփական կամքը պարտադրելու փորձն է: «Թուրքի ցանկությունը առնվազն 1992-ից նույնն է և անփոփոխ: Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից միջազգային հանրությանն ուղղված կոչերը միայն մեկ նպատակ են հետապնդում: Նրանք ցանկանում են բանակցային ներկայիս ձևաչափից հրաժարվել և փոխարենն այլ ձևաչափ պարտադրել: Նրանց ցանկությունն այն է, որ ամերիկացիները զորք մտցնեն և օկուպացնեն Լեռնային Ղարաբաղը: Նրանք այդ մասին 2006 թվականից են երազում»,- Orer.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Հարցին, թե ինչ է մտածում այս ամենի մասին Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, նա ասաց, որ, բնականաբար, Ռուսաստանը նույնպես գիտի, թե ամերիկացիները թուրքերի միջոցով ուզում են մուտք գործել այս տարածաշրջան և դիմակայում են: «Այդ մասին գիտի նաև Իրանը և իրանական կողմի ցանկացած արձագանք նշանակում է, որ ինքն ուզում է տեղեկացնել, որ ամեն ինչի մասին իրազեկված է և հասկանում է»,- ասում է Ս. Շաքարյանցը:
Արմինե Գրիգորյան