Եզդի զինվորին գլխատելը տիպիկ մուսուլմանական ձեռագիր է. Ազիզ Թամոյան
ՀարցազրույցՕրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող թեժ ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմը գլխատել էր առաջին գծում կռվող եզդի զինվորի՝ շարքային Քյարամ Սլոյանին:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, սահմանին կան եզդի տղաներ, որոնք կանգնած են առաջին գծում: «Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ կլինեն, այս պահին, ինչպես գիտեք, համեմատական անդորր է: Մեզ համար անընդունելի են ու ցնցող այս հարձակումները, բայց պատրատ ենք կռվել մեր ընդհանուր թշնամու դեմ՝ հայ տղաների կողքին կանգնելով»,- ասաց Ազիզ Թամոյանը՝ հավելելով, որ տղաների մի մասը սահմանին է, սակայն հարկ եղած դեպքում ողջ եզդի համայնքի տղաները ոտքի կկանգնեն:
Ինչ վերաբերում է գլխատված եզդի զինվորին, ապա, ըստ Ա. Թամոյանի, նման ձեռագիրը բնորոշ է մուսուլմանական աշխարհին: «Նրանք ահաբեկիչներ են, ինչպես Իրաքի հյուսիսային հատվածում ժամանակին եզդիներին սպանեցին ու գլխատեցին, նույնն էլ հիմա է այստեղ: Եզդիների նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել: Այդ ձեռագիրը դեռ 1915 թվականից պետք է հիշել, նույնը հիմա է շարունակվում, նրանց զավթողական քաղաքականությունը չի փոխվել»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան