Պակիստանցի «արևային երեխաները» գիտնականներին փակուղու առջև են կանգնեցրել
LifestyleԳիտնականները չեն կարողանում բացատրություն գտնել պակիստանցի երկու եղբայրների տարօրինակ վիճակին։ Տղաները (9 և 13 տարեկան) ցերեկը սովորական կենսակերպ են վարում, սակայն արևի մայր մտնելուց հետո չեն կարողանում ո՛չ շարժվել, ո՛չ խոսել՝ հայտնում է CBS News-ը։
Բժշկական գիտությունների պակիստանյան ինստիտուտի պրոֆեսոր Ջավեդ Աքրամի խոսքով՝ բժիշկները դեռևս չեն կարող գտնել պատճառը, հետազոտություն են անցկացնում։ Գիտնականները նաև հողի և օդի նմուշներ են վերցրել գյուղում, որտեղ ապրում են եղբայրները։
Տղաները ծնվել են աղքատ ընտանիքում, և կառավարությունը ֆինանսավորում է բժշկական օգնությունը։ Նրանցից բացի, ընտանիքում ևս երկու երեխա կա, որոնց վարքում որևէ շեղում չի դիտվում։
Եղբայրների հայրը նրանց վիճակը բացատրում է նրանով, որ որդիները էներգիա են ստանում արևից, սակայն բժիշկները հերքել են արևային լույսի ազդեցության մասին գաղափարը՝ նշելով, որ տղաները ցերեկը կարողանում են շարժվել նույնիսկ մութ սենյակում և անձրևի ժամանակ։