Երբ ճշմարտությունն ես պատմում, այն իրոք հուզում է եւ քո «մեսիջը» հասնում է մարդկանց. Ջամալա
Lifestylestyle.news.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2016»-ն այլեւս անցյալում է. մեր գեղեցկուհի Իվետա Մուկուչյանը մրցույթում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող Ջամալան:
Եզրափակչից անմիջապես հետո «Եվրատեսիլի» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մրցույթի հաղթողն իր տպավորություններն է կիսել եւ պատասխանել լրագրողների հարցերին:
«Կարծում եմ՝ երբ ճշմարտությունն ես պատմում, այն իրոք հուզում է եւ քո «մեսիջը» հասնում է մարդկանց: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին՝ հիանալի շոուի եւ այն տոնի համար, որն ինձ պարգեւեցին»,-նշեց երգչուհին՝ ավելացնելով, որ հաղթանակի հասնելու համար, նախ եւ առաջ, պետք է հավատալ սեփական ուժերին:
Ուկրաինացի լրագրողի հարցին՝ արդյոք ճի՞շտ է համարում գալիք տարվա մրցույթը Ղրիմում անցկացնելը, Ջամալան պատասխանեց. «Այն, որ մրցույթն անցկացվելու է Ուկրաինայում, ինձ համար արդեն կարեւոր փաստ է, իսկ թե հետագայում որտեղ այն կանցկացնենք, կարծում եմ՝ երկրորդական հարց է»:
Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից