«Չեմ կարծում, որ Վրաստանը Հայաստանի հանդեպ կարող է թշնամաբար տրամադրված լինել». Դավիթ Բաբայանը՝ եռակողմ զորավարժությունների մասին
ՀարցազրույցԸստ ռուսական մամուլում տարածված տեղեկատվության՝ մոտ ժամանակներս Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Թուրք-ադրբեջանական մելիզմներով տարված Վրաստանի անհեռանկար քաղաքականության ու «եռյակ դաշինք» կազմելու մասին Orer.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
«Վրաստանը երեւի նման քաղաքականություն է վարում իր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ պաշտպանելու համար: Չեմ կարծում, որ Վրաստանը Հայաստանի հանդեպ կարող է թշնամաբար տրամադրված լինել, ի վերջո, մենք իրար ենք կապված բազմաթիվ խողովակներով: Ե´ւ պետությունների, ե´ւ վրացի ու հայ ժողովուրդների միջեւ կան հազարամյակներ ձգվող բարիդրացիական հարաբերություններ, պարզապես Վրաստանը փորձում է իր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել, թեպետ այդ նույն հարեւանները նույն Վրաստանի հանդեպ անկեղծ չեն»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական քաղաքականությանը, ապա, ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի, դրանք միշտ էլ զուգակցել են մեկը մյուսին: «Զորավարժությունների անցկացումը պետք է դիտարկել նաեւ այն տեսանկյունից, որ ապրիլյան չորսօրյա պատերազմում Թուրքիան ունեցավ բացասական դերակատարություն: Թուրք-ադրբեջանական դաշինքը շարունակվում է, եւ Հայաստանն այս պարագայում այն թիրախներից է, որին ուղղված են գործողությունները»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան