Եթե Ուկրաինան շատ վատ երգ ընտրեր եւ վատ ելույթ ունենար, հաստատ չէր հաղթի. Գրիգոր Կյոկչյան
LifestyleNews.am-ը գրում է.
Չնայած շատ մարդիկ պնդում են, թե «Եվրատեսիլն» անհետաքրքիր, քաղաքականացված, անորակ երաժշտության մրցույթ է` երգիչ Գրիգոր Կյոկչյանը չի կիսում այս տեսակետը.
«Համաձայն չեմ նման կարծիքի հետ: Ավելին, կարծում եմ` այն շարունակում է մնալ եվրոպական երաժշտության մեջ խոշորագույն իրադարձությունը, որը գնալով ընդլայնում է իր հեռարձակման սահմաններն ու ինձ համար այս տարի ամենաշքեղն էր կազմակերպված: Այո, համաձայն եմ` մրցույթը քաղաքական տարրեր պարունակում է, բայց դա չի նշանակում, որ միայն այդ դիրքորոշմամբ պետք է հաղթել: Նաեւ պետք է լավ պատրաստվել այս մրցույթին: Եթե Ուկրաինան շատ վատ երգ ընտրեր եւ վատ ելույթ ունենար, միեւնույն է չէր հաղթի»,-ասում է երգիչը, որը շատ է հավանել մրցույթում Իվետա Մուկուչյանի ելույթը.

«Կարծում եմ` յուրաքանչյուր հայ պետք է շնորհակալություն հայտնի Իվետային եւ ամբողջ ստեղծագործական թիմին, որովհետեւ բոլորս հիացած ու զարմացած էինք նրա ելույթով, իսկ այդ մրցույթում զարմացնելը հեշտ բան չէ: Իվետան շատ բարձր որակով մատուցեց այն, ինչն իրենից պահանջվում էր: Բոլոր տարիների հայ մասնակիցների լավագույն ելույթներից էր: Իհարկե, հուսով էի, որ Իվետան կդառնար հաղթող կամ կհայտնվեր լավագույն եռյակում: Իսկ ինչ վերաբերում է հաղթողին` կարծում էի` այս տարի կհաղթի Ավտրալիան: Միգուցե գալիք տարիներում այդ երկիրը հաղթի, քանի որ նրանք լավ են ներկայանում մրցույթին: Երգչուհին, իսկապես, շատ փայլուն էր, մոդեռն ու շատ լավ ներկայացրեց իր երգը»:
Հարցին` արդյո՞ք ցանկություն ունի «Եվրատեսիլին» մասնակցելու, Գրիգորը պատասխանեց.
«Կարծում եմ` ցանկացած երգիչ, որը սիրում է եվրոպական երաժշտություն, ցանկություն ունի մասնակցելու «Եվրատեսիլին»: Մանավանդ մեր փոքր երկրի եւ տեղական շոու-բիզնեսի համար սա կարեւորագույն իրադարձություն է, որին կցանկանար մասնակցել ցանկացած երիտասարդ եւ ավյունով լեցուն երգիչ. Ես էլ բացառություն չեմ»:
Սյունե Առաքելյան