Հրապարակվել է անհետացած A320-ի որոնումների վայր նավերի ժամանման տեսանյութը (տեսանյութ)
TVMarineTraffic ծառայությունը YouTube-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռի որոնման գործողությունների շրջանակում ժամանող նավերի տեղաշարժը, գրում է gazeta.ru-ն:
Ծառայությունը Twitter-ի իր էջում էլ նշել է, որ 8 առևտրային նավ միացել է որոնողական աշխատանքներին:
Հայտնի է դարձել նաև, որ ստացվել է ազդանշան անհետացած ինքնաթիռի «սև արկղից»։ Աղբյուրի խոսքով՝ բոլոր գերատեսչություններն այժմ փորձում են հետևել ազդանշանին՝ այն գտնելու համար:
Հունաստանի քաղավիացիայի ծառայության ղեկավար Կոնստանտինոս Լինձերակոսը հայտարարել է, որ A320 ինքնաթիռը չի պատասխանել հույն դիսպետչերների հարցմանը ռադարների էկրանից անհետանալուց 3 րոպե առաջ:
«Հունական ժամանակով գիշերը ժամը 3:26-ին եղել է հույն դիսպետչերների վերջին կապն օդաչուի հետ, ով, սակայն, ոչինչ չի պատասխանել: Հունաստանի իշխանություններն անմիջապես մոբիլիզացրել են որոնողա-փրկարարական ուժերը, ինչպես նաև կապվել են եգիպտական կողմի հետ, որը տվյալներ չուներ ինքնաթիռի մասին»,- հայտարարել է Լինձերակոսը:
Նրա խոսքով՝ մինչ այդ դիսպետչերները կապվել են օդաչուի հետ ժամը 2:55 րոպեին:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։