Վերականգնվում են անցած աշնանից փլված ոռոգման ջրանցքը և ճանապարհը
ՀասարակությունԱնցած տարվա հոկտեմբերյան անձրեւներից առաջացած վարարումները փլուզել էին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղին ու Մարտունի քաղաքին ոռոգման ջուր մատակարարող ինքնահոս ջրանցքի մի հատվածը եւ երկու համայնքների ամառային արոտավայրեր տանող ճանապարհը մոտ 15 մետր երկարությամբ, մի քանի մետր խորությամբ և լայնությամբ: «Հեսրի առու» կոչվող ինքնահոս ոռոգման ջրատարի եւ նրան կից ճանապարհի վերականգնման աշխատանքներն սկսվել են արդեն մեկ շաբաթ, որոնք իրենց միջոցներով և տեխնիկական հնարավորություններով ու բանվորական ուժով իրականացնում են «Մարտունի» ՋՕԸ շինարարները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունի» ՋՕԸ նախագահ Թաթուլ Կարապետյանը, շինարարները կատարում են հողաքարային լիցքի, ճանապարհաեզրի գաբիոնապատման, առվի բետոնապատման եւ խողովակների տեղադրման աշխատանքներ: «Աշխատանքներն սկսել ենք պետական միջոցներից մեզ հրատապ ծրագրերի իրականացման համար տրվող գումարներով: Թե՛ ջրանցքի, թե՛ դրան կից ճանապարհի փլվածքների վերականգնումը հույժ կարեւոր խնդիր է լուծում Մարտունի և Վաղաշեն համայնքների գյուղացիական տնտեսությունների համար: Հազարավոր ընտանիքներ օգտվում են ջրանցքից, նաեւ՝ ամառային արոտավայրեր տանող ճանապարհից: Պետք է անենք հնարավորը, որ մոտակա մեկ-երկու շաբաթում կարողանանք ամբողջովին վերականգնել ջրանցքն ու ճանապարհը: Աշխատանքները կատարվում են լեռան փեշի բարդ տեղանքում, ուր պետք է մինչեւ 500 խորանարդ մետր հողաքարային լիցք կատարել»,-հավաստեց «Մարտունի» ՋՕԸ նախագահը:
Խոսրով Խլղաթյան