Գերմանիայի այս որոշումը այլ երկրներին ուղղված ազդակ էր. Կարինե Աճեմյան
ՀարցազրույցԳերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:
«Ես լսեցի գրեթե բոլոր պատգամավորների ելույթները, որոնց մեջ կար ե´ւ ափսոսանք, ե´ւ մեղքի զգացողություն այն առումով, որ ժամանակին չի կանխվել այդ ոճրագործությունը ու Հայոց ցեղասպանությունն էլ ժամանակին չի ընդունվել: Գերմանիան՝ որպես առաջադեմ ու ժողովրդավար երկիր, իր խոսքն ասաց, թեպետ 101 տարի անց: Մեզ համար շատ կարեւոր էր Գերմանիայի այդ որոշումը: Այս պահին նման որոշման կայացման պատճառը կապված էր աշխարհաքաղաքական բազմաթիվ իրադարձություններով»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է թուրք-գերմանական հարաբերություններին, պատգամավորը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիան զգուշավոր է, քանի որ բավական մեծ թուրքական համայնք կա Գերմանիայում:
«Գերմանիան իր որոշման մեջ հստակ էր ու կոչ էր անում Թուրքիային, որ առերեսվեն իրենց պատմությանը: Համարում եմ, որ Գերմանիան՝ որպես երկիր, որը նայում է առաջ, բավական կարեւոր որոշում կայացրեց: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ազգ, որն իրեն քաղաքակիրթ է համարում, կընդունի իր սխալը, ինչպես ժամանակին դա արեց Գերմանիան: Այսքանից հետ հայ-գերմանական հարաբերությունները որոշակի առաջընթաց կգրանցեն: Գերմանիայի այս որոշումն այլ երկրներին ուղղված ազդակ էր»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան