Այս տարի նախատեսվում է զբոսաշրջիկների թվի աճ 5 տոկոսով. Մեխակ Ապրեսյան
Հասարակություն2016թ.-ին նախատեսվում է զբոսաշրջիկների թվի աճ 5 տոկոսով: Այս մասին այսօր` հունիսի տասին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Նույնիսկ ապրիլին, երբ Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի նվազում էր եղել, կային զբոսաշրջիկներ, որոնք Արցախ էին գնացել: Ըստ մեր կանխատեսումների, Հայաստան եկող տուրիստների թիվն այս տարի կաճի հինգ տոկոսով»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:
Առաջին եռամսյակում, ըստ պաշտոնյայի, Հայաստան եկողների թիվն աճել է ավելի քան ութ տոկոսով, այդ թվում մեծ թիվ են կազմել իրանցի զբոսաշրջիկները:
«Նախորդ տարում նվազել էր Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը, սակայն այս տարվա առաջին երեք ամիսներին նրանց թիվը սկսել է աճել»,- ասաց նա:
Մեխակ Ապրեսյանի խոսքով` Հայաստանը զբոսաշրջիկներին առաջարկում է հանգստի տարբեր տիպի ծառայություններ: